Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Աշխարհում առաջին անգամ ստեղծվում է նվագախումբ, որն ունի կոնկրետ հնչեցրած գաղափար»

«Աշխարհում առաջին անգամ ստեղծվում է նվագախումբ, որն ունի կոնկրետ հնչեցրած գաղափար»
19.06.2015 | 00:04

Ինչպե՞ս ստեղծվեց «24/04» համաշխարհային նվագախումբը, ի՞նչ ճանապարհ է անցնելու նախադեպը չունեցող համերգային ձևաչափը, որի մեկնարկը տրվեց ապրիլի 24-ին` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «24/04» համաշխարհային նվագախումբը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` երաժշտության լեզվով աշխարհին կոչ անելով դատապարտել ցեղասպանությունները: Համաշխարհային նվագախումբը կազմված էր 43 երկրից ժամանած 123 կատարողներից: «Վերածնունդ» խորագրով համերգի ընթացքում հնչեցին վերջին 100 տարում հայ կոմպոզիտորների երկնած ստեղծագործությունները (Ա. Խաչատրյան, Է. Հովհաննիսյան, Ղ. Սարյան, Ա. Հարությունյան, Ա. Տերտերյան, Է. Միրզոյան...)։ Ելույթ ունեցան Արգենտինայի, Ավստրիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բոլիվիայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների լավագույն նվագախմբերի երաժիշտները: Համերգը ղեկավարեցին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։
«Իրատեսի» հյուրն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ:

-Ի՞նչ շարունակություն է ունենալու համերգային այս ձևաչափը:
-Նախ` ասեմ, որ համերգը բացառիկ էր և ծառայեց իր նպատակին: Մշակույթը հզոր ուժ է ու շատ բան կարող է ասել աշխարհին: Մենք ունենք արդեն կայացած երևույթ` «24/04» համաշխարհային նվագախումբ, որ ստեղծվեց հատուկ ապրիլի 24-ի համար: Նվագախումբը պետք է ապրի: Աշխարհում առաջին անգամ ստեղծվում է նվագախումբ, որն ունի կոնկրետ հնչեցրած գաղափար: Կարծում եմ` համերգներ պետք է լինեն աշխարհի խոշորագույն քաղաքներում` Լոնդոն, Փարիզ, Տոկիո, Մոսկվա և այլն: Պետք է ելույթ ունենալ, հնչեցնել գաղափարը, որի կրողն ենք: Իհարկե, կլինեն դժվարություններ նման սկզբունք որդեգրած նվագախմբի համար:
-Հրավիրյալ երաժիշտներն ինչպե՞ս էին ընդունում ցեղասպանության, պատերազմների, չարիքների դեմ ուղղված համերգին մասնակցելու հրավերը: Արդյո՞ք արտասահմանցի երաժիշտները մտավախություն չունեին, որ, մասնակցելով հայաստանյան համերգին, անցանկալի անձ կդառնան որոշ երկրների համար։
-Մենք տեսնում ենք, ինչպես շատ հայտնի մարդիկ գալիս են Հայաստան ու բարձրաձայն խոսում Ցեղասպանության մասին, պաթետիկ խոսքեր են ասում, կարծիք հայտնում, որ աշխարհը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը: Դա` Հայաստանում: Բայց նրանք, դուրս գալով Հայաստանից (ես առնչվել եմ նման դեպքերի), ոչ թե չեն խոսում այդ մասին, այլ ճիշտ հակառակ կարծիքն են հնչեցնում: 20 տարվա ընթացքում անկախ Հայաստան ինչքան մարդ է եկել ու բարձրաձայնել Ցեղասպանության թեման: Ես ավելի քան վստահ եմ, որ եթե նրանց 50 տոկոսը նույն բանը հնչեցներ դրսում, արդարության վերականգնման հարցում վաղուց հաջողության կհասնեինք: Հիմա, եթե աշխարհահռչակ դիրիժորը մասնակցում է այս նախագծին, հասկանում է, որ էլ չի կարող որևէ կերպ հաղորդակցվել թուրքամետ նվագախմբի հետ: Իսկ թուրքամետ նվագախմբերը միայն Թուրքիայում չեն: Ամերիկայում նույնպես կան նվագախմբեր, որ հովանավորվում են թուրքական մեծ ընկերությունների կողմից: Եթե արտիստը հավատում է իր գործին, նրա խոսքը հնչեղ է լինում: Հանրաճանաչ երաժիշտները սոցցանցերում հազարավոր հետևողներ ունեն, նրանց այցը Հայաստան, մասնակցությունն այս նախագծին տեսանելի են բոլորին: Հետադարձ ճանապարհ այլևս չունեն:
-Թուրքիան հակաքայլեր չի՞ ձեռնարկել:
-Ոչ: Դասական բարձրարժեք երաժշտության միջոցով իրենց ձայնն են բարձրացնում 43 երկրների 123 մեծահամբավ երաժիշտներ: Թուրքիայի կառավարությունը հասկանում է, որ նման նախագծի դեմ քայլեր անելն անիմաստ է:
-Հրավիրյալ երաժշտի համար նշանակություն ունի՞ իր երկրի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրում:
-Կազմակերպական աշխատանքը տևել է ավելի քան մեկ տարի: Իհարկե, ոչ բոլորն էին համաձայնում մասնակցելու համերգային ծրագրին: Օղակը փոքրանում էր: Նախ պետք է ազատ լինեին տվյալ ժամանակահատվածում և, իհարկե, պատրաստ լինեին խնդիր բարձրաձայնելու: Նվագախմբի կազմը պատրաստ էր 2015-ի փետրվարի 15-ին: Այդ ժամանակ Ցեղասպանությունը ճանաչել էր աշխարհի 21 երկիր, իսկ «24/04» նվագախմբի կազմում 43 երկրի երաժիշտներ էին ընդգրկված: Նրանք չեն ունենա խնդիր, ազատ քաղաքացիներ են և իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնելու հանուն գաղափարի: 1915-ի ապրիլի 24-ը համարվում է մեր պատմության ամենածանր օրը: Հարյուր տարի անց էլ հասկանում ենք, որ այդ խնդիրը դարձյալ առկա է: Միջին Արևելքում այսօր մարդկանց սպանում են քաղաքական դիրքորոշումներն ամրապնդելու համար: Սա համաշխարհային խնդիր է, կա վտանգ, և հանրաճանաչ երաժիշտները, դա գիտակցելով, միավորվում են:
-Կարևոր հանգամանք չէ՞ այն, որ ցեղասպանություն ապրած ազգը 100 տարի անց ներկայանում է բարձր արվեստով, ավելին` միավորում է տասնյակ երկրների երաժիշտների:
-Համերգը կրում էր «Վերածնունդ» խորագիրը: Եթե ես խորհրդանշական զուգահեռ անցկացնեմ նաև ամսաթվերի միջև, 1915-ը ամենասև էջն էր մեր ազգի պատմության, 2015-ը այն էջն է, որն ապացուցում է` մենք հաղթող ազգ ենք: Կա ազգի հանդեպ արդեն կատարված ոճրագործություն, կան Հայաստան և Սփյուռք, ազգն ունի խնդիր, բայց պետք է գոյատևի, ստեղծագործի: Այս հարյուր տարում ունեցել ենք Վիլյամ Սարոյան, Արշիլ Գորկի, Արամ Խաչատրյան, դրանով ամեն ինչ ասվում է:
Ինչո՞ւ ստեղծեցինք նվագախումբ, որի կազմում միայն հայեր չեն ընդգրկված: Նաև այն պատճառով, որ հազարավոր հայեր այսօր հաստատվել են աշխարհի տարբեր երկրներում: Այդ երկրները տվեցին հնարավորություն լավագույնս դրսևորվելու, ինտեգրվելու: «Վերածնունդ» խորագրով համերգն ուներ չորս խորհուրդ՝ հիշատակ, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ։


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ